Medesy

Главная » Վիրաբուժություն » Լիպոսակցիա

Լիպոսակցիան  չի հանդիսանում նիհարեցմանն ուղղված միջամտություն։ Այն տեղայնացված ճարպային կուտակումները հեռացնելու վիրահատական գործողություն է։ Լիպոսակցիան իրականացվում է բարակ, մետաղյա ձողով, որը փոքր կտրվածքից մտցվում է մաշկի տակ և արտածծման միջոցով մարմնի որոշակի հատվածներից հեռացնում ճարպի ավելցուկը։ Այն կարող է իրականացվել մարմնի տարբեր հատվածներում՝ փորի շրջանում, ազդրերում և ծնկներում, ինչպես նաև ձեռքերում, ափերում և սրունքի շրջանում։ Դեմքի հատվածում հնարավոր է 2-րդ կզակի (կրկնակզակի) և դեմքի օվալի կորեկցիա։ Այս միջամտությունը հնարավորություն է տալիս բարելավելու և ուղղելու մարմնի կառուցվածքը, եզրագծերը։

Վիրահատության բնութագիր

Վերջին տարիներին միջամտության անցկացման տեխնիկայի բարելավումը դարձրել է վերջինիս իրականացումն ավելի դյուրին, անվտանգ և ավելի անցավ։ Անզգայացումը կարող է լինել տեղային, ընդհանուր կամ տեղային՝ օգտագործելով ներերակային հանգստացնող միջոց։ Հոսպիտալացումը տևում է մի քանի ժամ, եթե կիրառվում է տեղային անզգայացում և կարող է տևել ամբողջ գիշեր, եթե վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ։ Կախված հեռացվող ճարպի, մշակման ենթարկված հատվածների ծավալից՝ վիրահատությունը կարող է տևել 30 րոպեից մինչև 2 ժամ։ Վիրաբույժը կատարում է ոչ մեծ, գրեթե աննկատ կտրվածքներ, որոնք թաքնված են մարմնի բնական ծալքերի տակ։ Ճարպն արտածծող ձողը հարմարեցված է ինչպես ենթամաշկային, այնպես էլ խորը հատվածներում ճարպի հեռացման համար։ Հեռացվող ճարպի ծավալը կախված է պացիենտի մաշկի որակից։ Ձողը միացված է վիրաբուժական պոմպին։ Ճարպի ավելցուկը թուլացվում է կարգավորվող մխոցային շարժումով։ Ձողը հեռացնելուց հետո մշակված հատվածը ծածկվում է էլաստիկ ներքնազգեստով կամ վիրակապով։ Դրանք օգնում են այտուցվածությունը պահել հսկողության տակ և սեղմել մաշկը մարմնի նոր եզրագծերին համապատասխան։ Շատ կարևոր է կրել դրանք մի քանի շաբաթների ընթացքում։ Դա օգնում է դուրս քաշել մաշկի և ենթամաշկային հյուսվածքները՝ լավագույն արդյունքին հասնելու համար։