Աչքերը կարող են թաքցնել թախիծն ու ուրախությունը, սակայն չեն կաչող թաքցնել տարիքը: Դրան օգնության է գալիս կոպերի վիրահատությունը` բլեֆարոպլաստիկան: Այս վիրահատության արդյունքում հեռացվում են կնճիռները, պարկերը և կախված հավելյալ մաշկը: Ավելորդ մաշկի, ճարպի և մկանի հեռացումը կախված է անձի տարիքից և անհատականությունից: Վիրահատության արդյունքները բավականին տպավորիչ են, դեմքը ստանում է ավելի թարմ և երիտասարդ տեսք:
Բլեֆարոպլաստիկան կարող է իրականացվել ընդհանուր անզգայացմամբ, տեղային անզգայացմամբ՝ ներերակային սեդացիայի հետ միասին կամ միայն տեղային անզգայացմամբ: Պացիենտների մեծամասնությունը գերադասում է վիրահատվել ամբուլատոր հիմունքներով՝ ներերակային սեդացիայի կիրառմամբ:
Տեղային անզգայացում ներերակային սեդացիայով
Պացիենտների մեծ մասը նախընտրում է վիրահատվել տեղային անզգայացմամբ և ներերակային սեդացիայով: Սա անզգայացման շատ հարմարավետ տարբերակ է, որը, ի տարբերություն ընդհանուր անզգայացման, ավելի մեղմ է և միևնույն ժամանակ՝ շատ արդյունավետ: Այս անզգայացումը լավ տարբերակ է հանդիսանում նաև նյարդային և անհանգիստ պացիենտների համար, որոնց մոտ իրականացվում են փոքր ծավալի միջամտություններ: Սովորաբար պացիենտները քնած են լինում վիրահատության գրեթե ամբողջ ընթացքում, իսկ նրանց վիճակը վերահսկվում է անեսթեզիոլոգի կողմից:
Վերին բլեֆարոպլաստիկա
Վերին բլեֆարոպլաստիկան ցուցված է այն պացիենտներին, ովքեր ունեն թոշնած, կախված կոպեր, ինչի հետևանքով առաջանում է տեսադաշտի խաթարում, աչքերի գրգռվածություն, հոգնածություն, ինչպես նաև կոսմետիկ խնդիրներ։ Լուսնաձև մաշկի լաթը հեռացվում է կոպի եզրից քիչ վեր։ Եթե պացիենտի մոտ առկա են լինում նաև ճարպային բարձիկներ, մասնավորապես վերին կոպի միջային անկյունում, ապա այդ ճարպի մի հատվածը նույնպես կարող է հեռացվել։ Մաշկային վերքի եզրերը կարվում են նուրբ կապույտ թելերով։ Վիրահատությունը կարող է համակցվել նաև պտոզի (վերին կոպի մկանի թուլություն) վերացմամբ: Երբեմն պացիենտների մոտ կոպերի կախվածության հետ մեկտեղ կախված են լինում նաև հոնքերը: Այդ դեպքում բլեֆարոպլաստիկային զուգահեռ կատարվում է հոնքերի ձգում էնդոսկոպիկ եղանակով։
Ստորին բլեֆարոպլաստիկա
Ստորին բլեֆարոպլաստիկա մաշկի կտրվածքով
Ստորին բլեֆարոպլաստիկայի դեպքում ստորին կոպի թարթչային եզրի ստորին մասում իրականացվում է մաշկի հորիզոնական կտրվածք, որը ձգվում է դեպի կոպի դրսային անկյուն։ Սա արվում է թոշնած ու կախված մաշկի դեպքում։ Հաճախ իրականացվում է շրջանաձև մկանի ամրացում, ինչը թույլ է տալիս կանխարգելել և՛ կոպի ներքաշումը, և՛ սպիտապատյանի ցուցադրումը (աչքի կենտրոնական գունավոր հատվածի տակ գտնվող սպիտակ հատվածը)։ Այս դեպքում անհրաժեշտ է լինում կատարել հավելյալ կտրվածք վերին կոպի դրսային կողմում, ինչը թույլ է տալիս մուտք գործել ակնակապիճի դրսային եզր, որտեղ և տեղադրվում են ամրացնող կարերը։ Այս գործողությունը երբեմն իրականացվում է նաև վերին բլեֆարոպլաստիկայի ժամանակ։